Նորություններ

azgayin-erazstakan-tarrer-dasakan-erazstutyan-mej_KEQ6K.jpg
30 08 2023

Ազգային երաժշտական տարրերը դասական երաժշտության մեջ

Դասական կոմպոզիտորների ներաշնչանքի աղբյուրները բազմազան են, և ազգային մեղեդիները, բանահյուսությունն ու մոտիվները այդ աղբյուրներից մեկն են։

Շատ կոմպոզիտորներ են իրենց ստեղծագործությունները համեմել տարբեր էթնիկ ելևէջներով՝ չվախենալով փոքրացնել այդ գործերի համաշխարհային գլուխգործոցներ դառնալու հնարավորությունները։ Դեռ ավելին, այդ ազգային տարրերը նպատակ են ունեցել երաժշտական ստեղծագործություններին հաղորդել ինքնատիպություն, մշակութային բազմազանության տպավորություն։

Ազգայինը դասականի հետ «պսակելու» եղանակներից մեկը ազգային ավանդական մեղեդիների կամ մոտիվների ուղղակի կիրառումն է դասական ստեղծագործությունների մեջ

Դասական երաժշտությանն ազգային մեղեդիների ներգրավումը վերհուշ արթնացնելու, որևէ բնակավայրի կամ մշակութային ժառանգության հետ նույնականացնելու միտում ունեն և միևնույն ժամանակ կարող են ազգային այդ տարրը դարձնել համաշխարհային մշակութային ժառանգության մի մասնիկը։

Այդպես կարելի է բնութագրել հունգարական ազգային մեղեդիներից ոգեշնչված Յոհաննես Բրամսի «Հունգարական պարերը», Մուսսորգսկու «Պատկերներ ցուցահանդեսից» դաշնամուրային ստեղծագործությունների շարքը՝ ներշնչված ռուսական ֆոլկ մեղեդիներից և ուրիշ շատ ստեղծագործություններ։

Համաշխարհային դասական երաժշտության գանձարանում մեծաթիվ են նաև ազգային պարերից ներշնչված ստեղծագործությունները, որոնք առանձնանում են իրենց ռիթմով և գունագեղությամբ։

Պոլկայի, բոլերոյի կամ մազուրկայի նման ազգային ավանդական պարերը հիշեցնող ռիթմիկ տարրերի հանդիպում ենք այնպիսի կոմպոզիտորների ստեղծագործություններում, ինչպիսիք են Դվորժակը, Ռավելը և Բարտոկը։

Ժողովրդական գործիքները դասական ստեղծագործություններում ներառելը երաժշտությանն ազգային շունչ ներարկելու ևս մեկ միջոց է: Համաշխարհային բազմաթիվ կոմպոզիտորներն օգտագործել են այնպիսի գործիքներ, որոնք ավանդաբար կապված են որևէ ժողովրդի ազգային երաժշտության հետ։ Այդպիսի գործիքներից են պարկապզուկը, ակորդեոնը, բալալայկան, լիրան, քանոնը, որոնք առավել տպավորիչ են դարձնում երաժշտական ստեղծագործությունների էթնիկ բնույթը, ընդգծում մշակութային ենթատեքստը։

Ազգային մեղեդիները ներշնչանքի հզոր աղբյուր են եղել նաև հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործական կերպի համար։ Խաչատրյանի ստեղծագործությունների մեծ մասն ունեն հայկական տարրեր, կոնկրետ ֆոլկ մեղեդիներ, օրինակ՝ «Գայանե» բալետում հնչող հայկական օրորոցայինը։

Ուրիշ հայ կոմպոզիտորիների հետ մենք կստիպենք Եվրոպային և աշխարհին լսելու մեր երաժշտությունը։ Եվ երբ նրանք լսում են մեր երաժշտությունը, մարդիկ վստահորեն ասում են. «Պատմե՛ք մեզ այդ ժողովրդի մասին, ցու՛յց տվեք երկիրը, որ այդպիսի արվեստ է ստեղծում»։

- Արամ Խաչատրյան

Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները կենդանի կատարմամբ կարող եք վայելել Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ հայ մեծ կոմպոզիտորի հոբելյանական տարվա և դրա շրջանակներից դուրս իրականացվող համերգներին։


Поделиться
Класс